Չեմ կարող ասել՝ ինչ պատճառաբանություն կա դրա տակ, գոնե մինչև հունվարի 11-ը Հայաստանում եղել է լռություն՝ ռազմագերիների հետ կապված, և երբ հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է Մոսկվա եռակողմ հանդիպման, դարձել է հանրային քննարկման առարկա, որ օրակարգը պետք է լինի գերիների վերադարձը, և նա հաստատել է, որ այդ օրակարգով է գնում՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի իշխանության այն հայտարարությունը, թե խոսելով ռազմագերիների խնդրի մասին՝ ընդդիմությունը վտանգում է նրանց վերադարձնելու հնարավորությունը:
«Գնացել է ու չի ստացվել գերիների վերադարձը, հաշվի առնելով, որ մինչ այդ լռել ենք, և որևէ ձևով չի ազդել պրոցեսի վրա, ես կարծում եմ՝ ոչ թե պետք է լռել, այլ աղաղակել, ամբողջ միջազգային հանրությանը կոնսոլիդացնել այս հարցի շուրջ և հասնել նրան, որ Ադրբեջանի վրա ճնշումները մեծանան, սանկցիաներ կիրառվեն, որ Ադրբեջանը վերադարձնի պատերազմից հետո իր մոտ մնացած ռազմագերիներն: Այլապես ստացվում է, որ պատերազմից հետո մենք մեր պարտությունը, ընդունելով, փաստաթուղթ ստորագրելով, փաստաթղթի բոլոր կետերն իրականցնելով, ռազմագերների հետ կապված հայտնի 8-րդ կետը չենք կարողանում իրացնել, սա ոչ մի, այսպես կոչված, «ճշտի» մեջ չի տեղավորվում»,- նշեց պատգամավորը: Մարուքյանի կարծիքով՝ պետք է ՌԴ-ի և ՀՀ-ի ջանքերին միանան ԱՄՆ-ն, Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներ, դրան գումարած Եվրամիությունը և շատ այլ երկրներ, քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորվի այս հարցի շուրջ և պարտադրի, որ Ադրբեջանը վերադարձնի Հայաստանից, Արցախից իր մոտ պահվող ռազմագերիներին:
«Մենք պատրաստվում եք մեկնել Ստրասբուրգ և այնտեղ շատ ակտիվ աշխատանք ենք տանելու՝ ռազմագերիների վերադարձի հետ կապված, հրատապ քննարկման թեմա ենք ուզում դարձնել ռազմագերիների հիմնախնդիրը և ամեն ինչ անելու ենք, որ ԵԽԽՎ-ի 45 պետություններ համախմբվեն այս պահանջի շուրջ»,- շեշտեց նա: